«Նոր Հայաստանը» ՌԴ ԱԻՆ-ին օգնություն է առաջարկել Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության հավաքման հարցում
«Նոր Հայաստան» միջազգային շարժումը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն առաջարկել է օգնություն տրամադրել Սիրիա մեկնող 13-րդ և հաջորդ ռուսական մարդասիրական օգնությունը հավաքելու հարցում և կոչ է անում Ռուսաստանում այլ ազգային համայնքների ներկայացուցիչներին միանալ Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով տուժած սիրիացիների համար օգնության հավաքմանը, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող կազմակերպության հաղորդագրությունը։
«Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Ամրամ Պետրոսյանն արդեն Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովին դիմում է ուղարկել՝ խնդրելով դիտարկել «Նոր Հայաստանի» ռեսուրսների ներգրավման հնարավորությունը մարդասիրական օգնությունների ուղարկման հարցում։
Նախևառաջ խոսքը սննդամթերքի, դեղորայքի և հագուստի մասին է։
Ուղերձում նշվում է, որ ավելի վաղ շարժումն արդեն հակաահաբեկչական մոբիլիզացիա է հայտարարել և կոչ է արել ողջ աշխարհի հայկական համայնքներին միավորել ջանքերը Սիրիայի բնակչության համար մարդասիրական օգնություն հավաքելու հարցում։
Նամակում հաղորդվում է նաև, որ «Նոր Հայաստան» միջազգային շարժման ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ կոչ անելով ԻՊ-ը ներառել միջազգային ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների ցանկում և դա ամրագրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով։
Հինգշաբթի շարժման նախագահը մարդասիրական առաքելությանը միանալու կոչով նամակներ կուղարկի ութ միավորումների ղեկավարներին, որոնց թվում է նաև Ռուսաստանի հայերի միությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ «Նոր Հայաստանը» պաշտպանում է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարին ուղղված Ռուսաստանի գործողությունները։










