Ասադի բանակն Իրանի և Լիբանանի աջակցությամբ հարձակում է սկսել Հալեպի մոտակայքում. Reuters
Բաշար ալ-Ասադի բանակն Իրանից և Լիբանանից զինվորականների աջակցությամբ խոշոր հարձակում է սկսել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող սիրիական Հալեպ քաղաքից հարավ ընկած հատվածում, հայտնում է Reuters գործակալությունը։
«Սա էլ խոստացված մարտն է»,- ասել է Reuters գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ ցամաքային զորքերի հիմնական մասը սիրիական զորքերի մարտիկներ են, որոնց օդից աջակցում են ռուսական ռազմաօդային ուժերը։
Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայում զգալի արդյունքների են հասել։ Սիրիայի տարածքում ՌԴ-ի հասցրած ավիահարվածների հետևանքով ոչնչացվել են տասնյակ հրամանատարական կետեր, զինապահեստներ, հարյուրավոր ահաբեկիչներ ու մեծ քանակությամբ մարտական տեխնիկա։
Պուտինը պատմել է, որ Ռուսաստանը քննարկում է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության պլանները Եգիպտոսի, Հորդանանի, Իսրայելի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ։










