Մոլդովայի խորհրդարանը չի կարող օրենքներ ընդունել՝ իշխող կոալիցիայի ղեկավարներից մեկի ձերբակալության պատճառով
Մոլդովայի նախկին վարչապետ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատի ձերբակալությունից հետո երկրի խորհրդարանը չի կարող օրենքներ ընդունել իշխող կոալիցիայի մոտ մեծամասնության բացակայության պատճառով, գրում է gazeta.ru-ն։
Ստեղծված իրավիճակի առնչությամբ խորհրդարանը չեղյալ է հայտարարել ուրբաթ օրը նշանակված իր մշտական բյուրոյի նիստը, որը պետք է որոշում կայացներ խորհրդարանի լիագումար նիստի տևողության վերաբերյալ։
Նախօրեին Մոլդովայի խորհրդարանը Ֆիլատին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ «կոռուպցիայի համար» ձևակերպումով։
Դրանից անմիջապես հետո Ֆիլատին ձերբակալել են կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի աշխատակիցները, նրա նկատմամբ 72-ժամյա նախնական կալանք է սահմանվել։
Ֆիլատը գլխավորում է 101 պատգամավորից 51 պատգամավորի ներկայացնող իշխող կոալիցիայի երեք կուսակցություններից մեկը։ 51 ձայնի մեծամասնության բացակայությունը բերում է երկրորդ ընթերցումով օրենքների ընդունման անհնարինության։










