Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը գրվում է սառույցին. Der Spiegel

20:53 • 16.10.15

Հայոց Ցեղասպանության  մասին Բունդեսթագի վիճահարույց բանաձևը գրվում է սառույցին մինչև հետագա զարգացումներ, գրում է գերմանական հեղինակավոր «Der Spiegel» պարբերականը՝ հղում կատարելով իր անանուն աղբյուրներին:

 

«Ամենայն լռության պայմաններում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն» (CDU/CSU) և «Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական միություն» (SPD) իշխող խմբակցությունները համաձայնության են եկել, հնարավորինս երկար ժամանակով հետաձգել այս բանաձևի երկրորդ ու երրորդ ընթերցումները, որում 100 տարի առաջ երիտթուրքերի կառավարության իրականացրած զանգվածային ջարդերը բնորոշվում են որպես ցեղասպանություն»,– գրում է պարբերականը:

 

Թերթը նշում է, որ իշխող կուսակցությունների արտաքին քաղաքականության պատասխանատուները «չեն ցանկանում պաշտոնապես մեկնաբանել այս տեղեկատվությունը, սակայն հավաստի աղբյուրների համաձայն՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում Գերմանիան  չի ցանկանում ավելորդ հրահրել Անկարային, քանի որ միաժամանակ օգնություն է ակնկալում փախստականների ճգնաժամը հաղթահարելու հարցում»:


«Բանաձևի շուրջ վեճեր էին ընթանում արդեն գարնանը: Արդեն այն ժամանակ արտաքին գործերի նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը (SPD), հաշվի նստելով Անկարայի հետ, հրաժարվեց խոսել  Ցեղասպանության մասին: Նրան իր ելույթով հակադարձեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ  Յոախիմ Գաուկը, և «Քրիստոնեա-դեմոկրատական միության» շարքերում ճնշումն այնքան մեծ էր, որ Ցեղասպանություն բառը, ի վերջո, հայտնվեց բանաձևի տեքստում»,- գրում է պարբերականը: