Բրիտանացիների 75 տոկոսը խոստովանել է, որ Facebook-ում ձևացնում է, թե որքան հիանալի կյանքով է ապրում

13:07 • 16.10.15

Facebook սոցիալական ցանցում ձեր ընկերների կյանքը կարող է ավելի հիանալի թվալ, քան ձերը, սակայն նոր հետազոտությունը պարզել է, որ դրա պատճառն այն է, որ նրանք ձևացնում են, թե ամեն ինչ հրաշալի է, գրում է The Daily Mail-ը։

 

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունը պարզել է, որ սոցիալական ցանցերում մարդկանց երկու երրորդը լուսանկարներ է հրապարակում իր էջում, որպեսզի իրենց կյանքն ավելի արկածային թվա։

 

Եվ հարցմանը մասնակցածների ավելի քան երեք քառորդն ասել է, որ նրանք կարծիք են կազմում իրենց հասակակիցների մասին՝ հիմնվելով նրա վրա, թե ինչ են տեսնում նրանց Instagram-ի, Snapchat-ի կամ Facebook-ի էջերում։

 

Սմարթֆոններ արտադրող HTC ընկերության անցկացրած հետազոտությունը պարզել է, որ սեփական էջերն ու կյանքն ավելի լավ «երևացնելու» համար, մարդկանց վեց տոկոսն ասել է, որ իրեր է ներառում լուսանկարներում՝ դրանք ներկայացնելով իբր իր սեփականը։ Հարցմանը մասնակցածների կեսն ասել է, որ նրանք իրերի և վայրերի լուսանկարներ են հրապարակում պարզապես ընկերների և ընտանիքի շրջանում նախանձ առաջացնելու համար։

 

Բացի այդ, հարցմանը մասնակցածների 76 տոկոսն ասել է, որ սոցիալական ցանցերում որևէ իր տեսնելը նրանց վրա ազդեցություն է թողնում՝ ստիպելով գնել դա։