ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա. ԱԺ նախագահ

16:06 • 16.10.15

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն:
 

Ինչպես հայտնում  են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը: Բազմիցս ընդգծել ենք, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում»:
 

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր երկրի շահերից:
 

Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին Եվրամիության խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտավորեցնող և լայնածավալ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մանդատը:
 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո: Սակայն մտահոգիչ է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը, որը հանգեցնում է լարվածության աճի և շփման գծում նոր զոհերի:
 

ԱԺ նախագահը հավելել է. «Չլուծված հակամարտությունները չեն կարող արդարացնել մարդու հիմնարար ազատությունների և արժանապատվության ոչնչացումը: Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը. այդ երկրի իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց վարկաբեկված հեղինակությունը զարտուղի ճանապարհներով»:
 

Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ զարմանալի չէ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի անդամակցության դադարեցման մասին որոշումը. դա վկայում է երկրում տիրող ավտորիտար ռեժիմի մասին:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ Ազգային ժողով-Եվրախորհրդարան համագործակցությունը, քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները, ինչպես նաև բարձր է գնահատել պարոն Չարնեցկու մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին այս տարվա ապրիլին:
 

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ չորրորդ անգամ է այցելում Հայաստան, սակայն որպես քրիստոնյա, որպես մարդ՝ չի կարող մոռանալ իր այցելությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Նա նշել է, ուրախ էր այդ օրերին Հայաստանում ներկայացնելու Եվրոպական միությունը և 2015 թվականի ապրիլի 24-ը համարում է բեկումնային պահ հայ ժողովրդի համար. շատերն առաջին անգամ լսեցին Հայոց ցեղասպանության մասին:
 

Ռիշարդ Չարնեցկին կարևորել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը:
 

Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: