ՄԻԵԴ-ը երբեք քարտ բլանշ չի տալիս, որ որևէ տեղ որևէ մեկն ասի, որ Ցեղասպանություն չի եղել. Կիրո Մանոյան

17:22 • 16.10.15

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ վճիռը, մեկնաբանեց. «Ինքը երբեք քարտ բլանշ չի տալիս, որ որևէ տեղ որևէ մեկն ասի, որ Ցեղասպանություն չի եղել: Կրկնում եմ` ընդհակառակը` անուղղակիորեն ասում է, որ եթե այլ պայմաններ լինեին, նաև կարող էր պատիժ լինել»:


-Պարո՛ն Մանոյան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, և նաև էլի մեկնաբանություններ եղան, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության ժամանակ Շվեյցարիան պարտվեց, Հայաստանը հաղթեց, քանի որ մեր ոչ մի հարցադրում չմերժվեց: Սակայն հանրության մի մասն էլ հակառակ կարծիքին է, մասնավորապես, որ պատմական արդարությունն առնվազն չհաղթեց: Ձեր դիտարկումը՝ իբրև ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատուի:


- Այս վճիռը կարող էր շատ ավելի վատը լինել, եթե ոչ մի փոփոխություն չկատարվեր այսպես ասած՝ ստորին պալատի կամ առաջին ատյանի (ՄԻԵԴ) 2013 թվականի դեկտեմբերի վճռի մեջ: Բայց մեծ պալատը շատ բան փոխել էր այդ վճռի մեջ, որը շատ ավելի նվազ վտանգավոր է դարձնում այն և կարևոր մի քանի հաստատումներ արեց՝ ուղղակի կամ անուղղակի: Ամենակարևոր հաստատումներից մեկն այն է, որ դատարանը, նախ, չի ասել, որ Շվեյցարիայի այդ օրենքը (Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու) սխալ է: Ասել է՝ այս դեպքում, այս պայմաններում, այս ձևով կիրառումը սխալ է, բայց չի ասել, որ այդ օրենքը սխալ է: Երկրորդ կարևոր հաստատումն այն է, որ եթե 2013թ. դեկտեմբերի 13-ի վճռի մեջ կասկածի տակ է դրվում Ցեղասպանության փաստը, նման բան չկա այլևս, քանի որ հունվարի 28-ի դատական նիստի ժամանակ Հայաստանի միջնորդությունն ամբողջությամբ բավարարված է: Եվ դրանում Հայոց ցեղասպանության մասին ասվում է ճիշտ այն, ինչ հայ մեր փաստաբանները ասում էին դատարանին, թե ձեզ ո՞վ է իրավունք տվել՝ որոշելու, թե եղածը Ցեղասպանությո՞ւն էր, թե ոչ։ Դատարանը ասում է, որ, նախ մեզ նման հարց ոչ ոք չի ուղղել, որ ասենք՝ Ցեղասպանություն էր կամ ոչ, և երկրորդ՝ ասում է, որ մեր դատարանը նման լիազորություն չունի: Ցեղասպանություն է, «չէ»-ի խնդիրը որոշում են այլ` քրեական դատարանները:
 

Երրորդ կարևոր հաստատումն այն է, որ հայ ժողովուրդը իրավունք ունի նաև արժանապատիվ ապրելու, այսինքն՝ նույն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածի հիման վրա: Եվ ուրեմն՝ դատարանը փորձել է այդ իրավունքի և խոսքի ազատության իրավունքի միջև հավասարակշռություն գտնել: Եվ նաև անուղղակիորեն ասել է, որ եթե այլ պայմաններում, այլ նպատակով՝ հատկապես այլատյացություն սերմանելու նպատակով ասված լինեին ժխտումի խոսքեր, օրենքը կարող էր կիրառվել, քանի որ նույն կոնվենցիայի մեկ այլ՝ 17-րդ հոդվածն էլ ասում է, որ չի կարելի խոսքի ազատությունը չարաշահել: Այսինքն՝ դատարանը այս մի դեպքը շատ կոնկրետ ու շատ նեղ մեկնաբանությամբ քննել է և կայացրել վճիռ: Եվս մեկ կարևոր փաստ, թեև անկախ նրանից, թե դեմ եղողները ով են, ինչ են, վճիռը այդպիսին է։ Բայց նշեմ, որ 17 դատավորից 7-ը դեմ եղողներն են: Եվ 7-ն էլ համակարծիք են, որ այս վճիռը, իրենց որակումով՝ երկչոտ որոշում էր: Եվ իրենք շատ հիմնավոր կերպով իրենց առարկությունները ներկայացրել են։ Նաև կարևոր հանգամանք է, որ դատարանի նախագահն ու ավագ դատավորներից 3-ն այդ 7-ի մեջ են: Եվ ամփոփենք` ոչ մի չի տեղ չի ասվում, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելը հակաօրինական է:

 

-Շվեյցարիայի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ շվեյցարական դատարանն այսուհետ պետք է մտածի՝  կիրառե՞լ օրենքը, թե ոչ:

 

- Շվեյցարիան երեկ հայտարարեց, որ ինքը 6 ամիս ժամանակի կարիք ունի, որպեսզի նախ այս լայնածավալ փաստաթուղթն ուսումնասիրի և տեսնի՝ արդյո՞ք անհրաժեշտ է օրենքի կիրառման ձևերի մեջ փոփոխություն մտցնել:
 

-Իսկ եթե այդ փոփոխությունը մտցվի, չի ստացվի՞, որ այն օրենքը, որով այնքան ոգևորված էինք, այլևս չկա:

 

-Ոչ, հակառակը՝ օրենքն ավելի անթերի օրենք կդառնա։
 

-Այն, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագից հետո գրեթե բոլոր եվրոպական ու միջազգային ատյաններն ու կառույցները Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ ընդունեցին, շատերին ՄԻԵԴ-ի՝ ավելի լավ վճռի համար լավատեսության հիմք էր տալիս:

-Չգիտեմ՝ ինչու է այդպես ակնկալում, որովհետև Պապի ասածներն ու այլ մարմինների ճանաչումը տեղի ունեցան այս դատավճռի կայացումից հետո. մենք պիտի հասկանանք, որ վճիռը երեկ չէ, որ կայացել է: Երեկ ընդամենը հրապարակվել է: Այս վճիռը կայացվել է 2015 թ. հունվարի այն օրը, երբ լսումները տեղի ունեցան: Իսկ այսքան ժամանակ հետաձգվել էր, որպեսզի իրենք իրենց մեծածավալ՝ 100 էջանոց փաստաթուղթը պատրաստեին: Եվ անկասկած դրանից և՛ Պապի, և՛ մնացած պետությունների կապ չունի ասածը, որովհետև ՄԻԵԴ-ն ասում է, որ «ես լիազորված չեմ ասելու՝ սա ցեղասպանությո՞ւն է, թե ոչ»: Ինքը ասում է՝ արդյո՞ք Փերինչեքի խոսքի ազատությունն այս տեսքով, այս հետևանքներով կաշկանդված չէ: Ինքը երբեք քարտ բլանշ չի տալիս, որ որևէ տեղ որևէ մեկն ասի, որ Ցեղասպանություն չի եղել: Կրկնում եմ՝ ընդհակառակը՝ անուղղակիորեն ասում է, որ եթե այլ պայմաններ լինեին, նաև կարող էր պատիժ լինել: