«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրել են հացադուլը
Մի քանի օր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ավելի քան 50 դատապարտյալներն այսօր առավոտյան դադարեցրել են հացադուլը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից:
Հարցին, թե ընթա՞ցք է տրվել դատապարտյալների պահանջներին, ինչի համար էլ դադարեցրել են, Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Իրենք որոշել են ու դադարեցրել են»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 դատապարտյալ անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրենց քրեական գործերի վերանայում: Հաջորդ երկու օրերին նրանց միացան ևս 5 դատապարտյալներ:
Հիշեցնենք նաև, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել դատապարտյալների հարազատները և կրկին պահանջում էին գործերի վերանայում: Նրանք նաև եղան նախագահական նստավայրի մոտ և դիմում հանձնեցին:










