Օբաման և Էրդողանը քննարկել են Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են եկել ակտիվացնել համագործակցությունն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Նախագահները նաև քննարկել են Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը։ Բացի այդ, հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ցավակցություն է հայտնել թուրք ժողովրդին հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, որի հետևանքով շուրջ 100 մարդ էր զոհվել։
«Երկու երկրների առաջնորդները նաև հաստատել են ԻՊ-ի նկատմամբ ռազմական ճնշման և Սիրիայում չափավոր ընդդիմության ուժեղացման ընդհանուր նպատակը՝ հակամարտության բանակցային լուծման, այդ թվում՝ իշխանության քաղաքական փոխանցման համար պայմաններ ստեղծելու համար»,- հայտնել է Սպիտակ տունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան հիասթափված է Ռուսաստանի գործողություններից և բացատրություններ է ակնկալում ռուսական օդուժի ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ։










