Պուտինը հայտնել է, թե ԱՊՀ երկրներից քանի մարդ է կռվում ԻՊ-ի շարքերում և քանի գրոհային է ոչնչացվել Սիրիայում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից մոտ 7.000 մարդ է կռվում «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին Պուտինը հայտարարել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Պուտինը նշել է, որ չի կարելի ընդունել Սիրիայում փորձ ձեռք բերած և տուն վերադարձողներին։
«Ցանկանում եմ ընդգծել միջազգային ահաբեկչությանը հակազդելու հարցում մեր համագործակցության կարևորությունը։ Տարբեր գնահատականներով՝ ԻՊ-ի շարքերում կռվում են Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից 5-7 հազար մարդ: Եվ մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ, որ Սիրիայում ձեռք բերած փորձը հետագայում կիրառեն մեզ մոտ՝ տանը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Անվտանգության դաշնային ծառայության գնահատականներով՝ «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցում է Ռուսաստանի 2.400 քաղաքացի։
Պուտինը նաև նշել է, որ Սիրիայի տարածքում ՌԴ-ի հասցրած ավիահարվածների հետևանքով ոչնչացվել են տասնյակ հրամանատարական կետեր, զինապահեստներ, հարյուրավոր ահաբեկիչներ ու մեծ քանակությամբ մարտական տեխնիկա։










