Պուտինը նշել է Սիրիայում ՌԴ ռազմաօդային ուժերի գործողության ժամանակային շրջանակը

14:28 • 16.10.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ գործողությունը ժամանակավոր բնույթ ունի՝ պայմանավորված ահաբեկիչների դեմ սիրիական բանակի կողմից անցկացվող հարձակողական գործողությունների ժամկետով, հաղորդում է РИА Новости-ն։

 

Պուտինը նշել է, որ ՌԴ զինված ուժերի գործողությունն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքին, ամբողջովին օրինական է, քանի որ իրականացվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնական դիմումի հիման վրա։

 

«Այն ունի խիստ նախանշված շրջանակներ, ավիացիան և այլ միջոցները կիրառվում են բացառապես ահաբեկչական խմբավորումների դեմ։  Կա նաև ժամանակային սահմանափակում՝ ահաբեկիչների դեմ սիրիական զորքերի կողմից հարձակողական գործողությունների անցկացման ժամկետով պայմանավորված»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

 

Նա նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է հանդես գալ ահաբեկիչներին հակազդելու առավելագույն լայն կոալիցիայի ստեղծման օգտին։