Սիրիայում բոլոր ռուսական ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը կարգին են. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ բոլոր ռուսական ինքնաթիռները Սիրիայում առաջադրանքների իրականացումից հետո վերադարձել են ավիաբազա, անօդաչու սարքերը գործում են սովորական ռեժիմով, գրում է gazeta.ru-ն։
«Սիրիական Արաբական Հանրապետությունում ռուսական ավիախմբի բոլոր ինքնաթիռները մարտական խնդիրները կատարելուց հետո վերադարձել են ավիաբազա։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք Սիրիայի տարածքում իրավիճակի մոնիթորինգ և օդային հետախուզություն են իրականացնում, գործում են պլանային ռեժիմում»,- ասել է Կոնաշենկովը։
Ավելի վաղ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Սիրիայի հետ սահմանին անհայտ պատկանելիության ինքնաթիռ են խոցել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կործանվել է ոչ թե ինքնաթիռ, այլ անօդաչու սարք։










