Շվեդիայում հիվանդանոց է բացվել սեռական բռնությունների ենթարկված տղամարդկանց համար

11:25 • 16.10.15

Շվեդիայի իշխանությունները բացել են, ինչպես իրենք են պնդում, աշխարհում առաջին հիվանդանոցը սեռական բռնություններից տուժած տղամարդկանց համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Բուժհաստատությունը բացվել է Ստոկհոլմում՝ Լիբերալ, Քրիստոնեա-դեմոկրատական և Կենտրոնամետ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Բուժհաստատությունը տուժած տղամարդկանց անվճար բուժօգնություն կհատկացնի։

 

«Մենք շատ ուրախ ենք, որ բացել ենք առաջին նման հաստատությունը՝ բռնաբարությունից տուժած կանանց համար նախատեսված հիվանդանոցի բացումից հետո։ Սա առաջինն է Շվեդիայում, և մենք կարծում ենք, որ առաջինն է նաև աշխարհում»,-ասել է Լիբերալ կուսակցության մամուլի քարտուղար Ռասմուս Յունլանդը։

 

Համաձայն Քրեական հանցագործությունների կանխման ազգային խորհրդի տվյալների՝ 2014 թվականին Շվեդիայի տարածքում 370 գործ է հարուցվել տղամարդկանց և տղա երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի առնչությամբ։

 

Շվեդիան Եվրոպայում առաջատար է բռնաբարությունների թվով։ Նման վիճակագրությունը քաղաքական բարձր մակարդակով քննարկումների պատճառ է դարձել։