Թբիլիսիում և Դիլիջանում «Քաղաքների հնարավորությունների ընդլայնում» խորագրով միջազգային համաժողով է անցկացվել

12:05 • 17.10.15

Թբիլիսիում և Դիլիջանում հոկտեմբերի 15 և 16-ին անցկացվեց «Սոցիալական ազդեցության օրեր» (Social Impact Days) միջազգային համաժողովը, որը նվիրված էր  քաղաքային համայնքների կայուն զարգացման խնդիրներին և կրում էր «Քաղաքների  հնարավորությունների ընդլայնում. սոցիալական նորարարություն` հանուն քաղաքային կայուն զարգացման» խորագիրը. տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժինը։


Համաժողովը միավորել էր պետական,  ոչ առևտրային և գործարար շրջանակները ներկայացնող ավելի քան հինգ  տասնյակ փորձագետների՝ հետխորհրդային տարածքի երկրներից, Գերմանիայից և Թուրքիայից։

 

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ կազմակերպիչները՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը, BMW Foundation Herbert Quandt հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարկուս Հիպը և MitOst ասոցիացիայի տնօրեն Դարիուս Պոլոկն ընդգծեցին նման քննարկումների և միջազգային առաջատար փորձի փոխանցման կարևորությունը  քաղաքների հետագա զարգացման տեսանկյունից:


Որպես  համաժողովի հիմնական բանախոս  հանդես եկավ  դանիական «Gehl Architects» ընկերության տնօրեն Ռիկարդո Մարինին՝   անդրադառնալով ժամանակակից զարգացած քաղաքների և քաղաքային համայնքների առաջընթացի միտումներին ու հեռանկարներին և ընդգծելով
սոցիալական նորարարությունների դերը քաղաքների վերափոխման գործընթացում:


Զեկույցին հաջորդած՝  «Վերափոխվող քաղաք» թեմայով քննարկմանը IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը և «Transparency International Georgia»-ի վերլուծաբան  Էրեկլե Ուրուշաձեն հանդես եկան զեկույցի հիմնական դրույթների մեկնաբանությամբ: Նրանք նաև Հայաստանի, Վրաստանի  և այլ երկրների տրանսֆորմացիոն գործընթացների կոնկրետ օրինակներ ներկայացրեցին:


Համաժողվի երկրորդ օրը մասնակիցներն անցկացրեցին Դիլիջանում և Քութայիսում, որոնք ընտրվել էին որպես կովկասյան տարածաշրջանի ինտենսիվ  զարգացող քաղաքներ։


Դիլիջանում հյուրերն այցելեցին UWC Dilijan քոլեջ, սոցիալական  բնակարանաշինության ASBA հիմնադրամ, «Թումո» և  Դիլիջանի համայնքային կենտրոններ, շրջայց կատարեցին քաղաքում:


Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում համաժողովի մասնակիցներին միացան նաև քաղաքային  իշխանությունների, ինչպես նաև քաղաքում  կրթական և զարգացման այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդլայնված հանդիպմանը հյուրերը Դիլիջան այցի վերաբերյալ իրենց տպավորությունները, ինչպես նաև  սոցիալական նորարարությունների միջոցով քաղաքի վերափոխման իրենց փորձը ներկայացրեցին:


Մեկնաբանելով համաժողովի արդյունքները՝ IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը  նշեց. «Ժամանակակից քաղաքները պետք է բացահայտեն իրենց ներուժը՝  բնակիչներին, շահագրգիռ տարբեր կազմակերպություններին տրանսֆորմացիոն գործընթացներում ներգրավելու միջոցով, զարգացնեն քաղաքի յուրօրինակ կողմերը, մարդկային կապիտալը, պահպանեն պատմամշակութային ժառանգությունն ու բնությունը: Արդյունավետ երկխոսությունն ու պետական-մասնավոր համագործակցության հարթակի ձևավորումը կայուն սոցիալական տրանսֆորմացիաների իրականացման կարևոր պայման են»:


Համաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), գերմանական  «BMW Foundation Herbert Quandt», «MitOst e.V.»,  «Robert Bosch Stiftung» հիմնադրամների կողմից՝  Դիլիջանի և Քութայիսի քաղաքապետարանների,  ՀՀ Կենտրոնական բանկի, «Europa House» և «Heinrich Böll South Caucasus» ընկերությունների աջակցությամբ: