ԻՊ-ը մտադիր է իր ազդեցությունը տարածել Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում. ՌԴ ՊՆ

11:58 • 17.10.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նպատակ ունի իր ազդեցությունը տարածել  Ռուսաստանում, Եվրոպայում, Կենտրոնական և Հարավ-արևելյան Ասիայում։ Ինչպես նշում է lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։

 

Պաշտոնյայի խոսքով՝ ԻՊ-ն ունի եկամտի կայուն աղբյուր և լավ զինված բանակ։ Միևնույն ժամանակ, Անտոնովն ասել է, որ չի բացառվում այն վարկածը, ըստ որի՝ ահաբեկչական խմբավորումը կարող է օգտագործել Աֆղանստանի տարածքն ԱՊՀ անդամ ասիական պետություններում, ինչպես նաև Չինաստանի Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում իր ներկայությունն ապահովելու համար։

 

Աղբյուրը հավելում է, որ հոկտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հայտնել է, որ ԻՊ-ի կողմից վտանգն ավելանում է։

 

«Ըստ տարբեր տվյալների՝ «Իսլամական պետության» շարքերում կռվում է Ռուսաստանից ու ԱՊՀ մյուս երկրներից 5.000-7.000 գրոհային։ Մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ, որ Սիրիայում ձեռք բերած փորձը նրանք հետագայում կիրառեն մեզ մոտ»,-ասել էր Պուտինը։