Ռուսաստանի միջամտությունը չի փրկի Ասադին. Օլանդ

10:37 • 17.10.15

Սիրիայի հարցում Ռուսաստանի ռազմական միջամտությունը չի օգնի փրկել երկրի նախագահ Բաշար ալ- Ասադին։ Այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Սիրիայում իշխանափոխության հարցով հրավիրված ԵՄ գագաթաժողովի շրջանակում։

 

«Ակնհայտ է, որ Սիրիայի ապագայում Բաշարը տեղ չունի։ Մենք պետք է հնարավորինս արագ գնանք դեպի իշխանափոխություն։ Այս առումով Ռուսաստանի միջամտությունը կարող է օգնել ռեժիմին, սակայն միևնույն է՝ դա չի փրկի Ասադին»,- մեջբերում է Al Arabiya-ն Օլանդի խոսքերը։

 

Աղբյուրը հավելում է, որ ռուսական օդուժը ռմբակոծել է Դամասկոսի, Իդլիբի, Համայի, Դեյր Զորի ու Հալեպի բնակավայրերը` հետ շպրտելով «Իսլամական պետության» գրոհայիններին։

 

Նշվում է նաև, որ 2011թ. ի վեր ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով Սիրիայում զոհվել է 245.000-ից ավելի մարդ։ Մինչդեռ ներքին և արտաքին փախստականների թիվը հասնում է միլիոնների։