ՌԴ ՊՆ-ում պատմել են Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության մանրամասները
Սիրիայի օդային տարածքում թռիչքների վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը մեկնարկային կետ կդառնա պետությունների համագործակցության համար։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին Չինաստանում անվտանգության հարցերով Սյանշանի ֆորումի շրջանակներում պատմել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, գրում է lenta.ru-ն։
«Եթե ցանկանում եք, ներկայիս պայմաններում դա ինչ-որ առումով ելակետ է համագործակցության հնարավոր ընդլայնման համար։ Մենք բազմիցս ասել ենք, որ հարկավոր է մի կողմ դնել փառասիրությունը, նստել և խոսել միջազգային և տարածաշրջանային անվտանգության իրական խնդիրների շուրջ»,- նշել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
Անտոնովի խոսքով՝ Սիրիայի օդային տարածքում թռիչքները կարգավորող փաստաթղթի վերաբերյալ աշխատանքը սկսվել է մոտ տասն օր առաջ։ Նա հավելել է, որ բոլոր առանցքային հարցերը համաձայնեցվել են, և այժմ մնացել են փաստաթղթի տեխնիկական հարցերը։ «Դա լավ փաստաթուղթ կլինի»,- եզրակացրել է պաշտպանության փոխնախարարը։










