ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայում օդաչուներին փրկելու համատեղ ծրագրից
ԱՄՆ-ն մերժել է Ռուսաստանի առաջարկը համատեղ զբաղվել Սիրիայում կործանված ինքնաթիռների օդաչուների փրկությամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, գրում է lenta.ru-ն:
Ինչպես նշել է գերատեսչության փոխնախարարը, ԱՄՆ-ն «կատեգորիկ հրաժարվում է «համագործակցություն» բառից՝ սահմանափակվելով Սիրիայի օդում թռիչքների անվտանգության հարցով կապերով:
Անտոնովը որպես հիպոթետիկ օրինակ է բերել «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքում միջազգային կոալիցիայի ինքնաթիռի ընկնելու հնարավորությունը: «Ի՞նչ վատ բան կլիներ, եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը համագործակցեին գոնե այդ ուղղությամբ, չէ՞ որ նման աղետ կարող է լինել նաև ռուս օդաչուի հետ»,- հայտնել է նա:
«Ցավոք, մեզ դեռ չեն լսում, և մեր համագործակցությունը դեռ սահմանափակվում է միայն այն փաստաթղթով, որը մենք մշակում ենք ԱՄՆ-ի հետ միասին Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգության վերաբերյալ»,- հավելել է նա:










