ՆԱՏՕ-ն իր զեկույցում ԼՂ հակամարտության համար մեղադրել է Ռուսաստանին
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունն այսօր հրավիրված ասուլիսին մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքներից:
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, թե անդրադարձ է եղել արևելյան և հարավային ուղղությամբ ճգնաժամներին, մասնավորապես Ռուսաստանի մասնակցությունը և Եվրոանվտանգությունը, Սիրիայում առկա ճգնաժամին, Աֆղանստանում անվտանգության պահպանմանը և այլ հարցերի:
Կորյուն Նահապետյանն առանձնացրեց հատկապես ներկայացված այն զեկույցը, որտեղ անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: ««ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն Եվրաատլանտյան անվտանագության» զեկույցում որոշակի ձևակերպումներ էր ներառվել, որոնց մասին մեր պատվիրակությունն անհանգստություն է արտահայտել: Խնդիրն այն է, որ ԼՂՀ-ի մասով կային որոշ ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում իրական վիճակին»,-ասաց նա և նշեց, թե մտահոգությունը ներկայացրել են կոնկրետ առաջարկություններով:
Կորյուն Նահապետյանի խոսքով՝ զեկույցը վերաբերում էր ՌԴ-ի ազդեցությանը ԼՂ հակամարտության ծագմանը և ներկա փուլին, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում ներկայացված կոնֆլիկտը:
«Առաջարկություններում արձանագրվել է, որ նույն զամբյուղում ճիշտ չէ դնել բոլոր հակամարտությունները հաշվի չառնելով դրանց արմատները»,- ասաց նա: Ադրբեջանական պատվիրակությունն էլ այս զեկույցի վերաբերյալ առաջարկություններ է արել, սակայն նպատակահարմար չեն գտել ներառել դրանք զեկույցում:
Պատվիրակության ղեկավարը նշեց, որ զեկույցը թեև ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը չէ, սակայն այդուհանդերձ մտահոգություններ կան նաև զեկույցի մակարդակով և աշխատանքներ պետք է տանեն, որ նման ձևակերպումները բացառեն:
Նա նաև նշեց, թե անկախ այդ զեկույցից, ընդհանուր առմամբ նստաշրջանը բարենպաստ էր: Նույնիսկ առանձին զրույց են ունեցել զեկույցի հեղինակի հետ, որի ժամանակ պարզել են, որ հիմնական շեշտադրումը ՌԴ-ի հետ է կապված և նշել են, որ իրենք մտադրություն չունեն ԼՂՀ –ի վերաբերյալ առանձին շեշտադրումներ անել:
Պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն էլ հավելեց, թե հեղինակը փայլուն գիտակցել է, ինչ սխալներ է արել, և գիտակցում է, որ այս խնդիրը սխալների մեջ չէ, և փորձել են ՌԴ-ի նկատմամբ սուր ձևակերպումներ տալ և ճնշումներ գործադրել։
«Հարցն այն չէ, բոլորս էլ գիտենք, որ ՌԴ–ն ինչքան վատ է անդրադառնում հակամարտության վրա, որ զենք է վաճառում, բայց այս թեման թողած՝ գրում են, թե ՌԴ-ն է ծնել ԼՂ հակամարտությունը, ու կարծես երեկ է եղել»,- ասաց նա և հավելեց, թե բաց է թողնվել նաև ՝ պատմական ակադեմիական ճշմարտությունը:
Թևան Պողոսյանը նշեց, թե իրենք ասում են, որ եթե գրում ես նույն կարգավորման մասին, ապա ինչու ես մոռանում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի անդամը միայն ՌԴ-ն չէ, այլ նաև ԱՄՆ ու Ֆրանսիան: «Հասկանալի էր, որ պետք էր «Ռուսաստանի Դաշնություն» բառակապակցությունը նշել՝ նշել են, մեզ էլ ասում են՝ դո՞ւք ինչի եք խառնվում, դա ձեզ չէր վերբերում»,-ասաց նա:










