Ավստրալիայի նախկին վարչապետը կվճարի կոտրած մարմարե սեղանի համար

16:12 • 19.10.15

Ավստրալիայի նախկին վարչապետ Թոնի Էբոթը խոստացել է վճարել մարմարե սեղանի համար, որը կոտրվել է խորհրդարանում անցկացված երեկույթի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։

 

Էբոթը սեպտեմբերի 14-ին պարտություն է կրել իշխող Լիբերալ կուսակցության անդամների շրջանում քվեարկության արդյունքում, և վարչապետի պաշտոնին նրան փոխարինելու է եկել երկրի կապի նախկին նախարար Մալկոլմ Թերնբուլը։

 

Էբոթի հեռանալու պատվին երեկույթի հաջորդ առավոտյան հավաքարարները հայտնաբերել են կոտրված մարմարե սեղան։ «Հավանաբար, սեղանը կարող էր վնասել մեկը, որը կանգնել է դրա վրա կամ պարել դրա վրա»,- նշել են խորհրդարանի աշխատակիցները։

 

Նախկին վարչապետը հայտարարել է, որ իր վրա է վերցնում պատասխանատվությունը, քանի որ ինքն է եղել երեկույթի «հերոսը»։ Նրա խոսքով՝ նա խնդրել է խորհրդարանական ծառայությունների բաժնին ուղարկել սեղանի արժեքի չափով հաշիվը։ Նշվում է, որ իտալական մարմարից սեղանը մոտ 590 ավստրալական դոլար է արժեցել 1980-ականների վերջին։

 

Սենատոր Պենի Վոնգը հայտարարել է, որ այդ միջադեպի վրա լույս կարող է սփռել քաղաքային զարգացման նախարար Ջեյմի Բրիգսը, որը երեկույթի հաջորդ օրը հանրության առաջ է հայտնվել սայլակով: Բրիգսը Twitter-ում պարզաբանել է, որ վնասվածքը նա երեկույթի ժամանակ չի ստացել և սեղանի վրա չի պարել։