Հարձակման ենթարկված Քյոլնի քաղաքապետի թեկնածուն հաղթել է ընտրություններում

12:08 • 19.10.15

Գերմանական Քյոլն քաղաքի քաղաքապետի թեկնածու Հենրիետա Ռեկերը, ում վրա շաբաթ օրը նախընտրական արշավի ժամանակ հարձակում են գործել, հաղթել է քաղաքապետի ընտրություններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Հենրիետա Ռեկերի օգտին քվեարկել է ընտրողների 52,7 տոկոսը։

 

Հարձակումից հետո Ռեկերը դեռ հիվանդանոցում է գտնվում։ Բժիշկները նրա վիճակը լուրջ, բայց կայուն են գնահատում։

 

Քաղաքապետի թեկնածուի վրա հարձակումը տեղի էր ունեցել շաբաթ օրը: Ռեկերի վրա էր հարձակվել դանակով զինված մի տղամարդ: Նա լուրջ վնասվածք է ստացել պարանոցի շրջանում և հոսպիտալացվել է: Վնասվածքներ են ստացել ևս չորս մարդ, որոնք փորձել են կանգնեցնել հարձակվողին։

 

Հարձակումը կարող էր «ռասիստական քաղաքական շարժառիթ» ունենալ, հայտարարել է շրջանային ոստիկանության ղեկավար Վոլֆգանգ Ալբերսը։ Ռեկերը գլխավորում է Քյոլնի կառավարությունում սոցիալական հարցերի և ինտեգրման բաժինը, և նրա պատասխանատվության տակ է գտնվում քաղաք ժամանող փախստականների բնակեցման հարցը։

 

Հարձակվող տղամարդը ձերբակալվել է: Ինչպես հայտնել են քննիչները, կասկածյալը 44-ամյա Քյոլնի բնակիչ է, որն արդեն մի քանի տարի գործազուրկ է: Ենթադրվում է, որ տղամարդը հարձակումը կատարել է օտարերկրացիների նկատմամբ ատելության պատճառով։