Նոր ապացույց, որը վկայում է, որ Ջոն Քենեդիին սպանել է հենց Լի Հարվի Օսվալդը
Համակարգչային մոդելավորման օգնությամբ ամերիկացի հետազոտողները նոր ապացույց են ստացել, որը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին սպանել է հենց Լի Հարվի Օսվալդը, գրում է lenta.ru-ն։
Գիտնականներն ապացուցել են այսպես կոչված «հետևի բակում լուսանկարի» հավաստիությունը, որտեղ ԱՄՆ նախագահին սպանողը նկարված է հրացանը ձեռքին՝ սպանությունից մի քանի ամիս առաջ։ Ավելի վաղ որոշ քննիչներ պնդում էին, որ լուսանկարը կեղծ է, քանի որ կրակողի կանգնած դիրքը բնական չէ, իսկ ստվերն ու լուսավորումը խոսում են մոնտաժի առկայության մասին։
Այնուամենայնիվ, համակարգչային մոդելավորումը թույլ է տվել ապացուցել, որ մեղադրյալի դիրքի մեջ ոչ մի անսովոր բան չկա։
«Հետևի բակում լուսանկարն» արել է ենթադրյալ կրակողի կինը՝ Մարինա Օսվալդը՝ վերջինիս ֆոտոապարատով: Լուսանկարներից մեկում Օսվալդը ձեռքում երկու մարքսիստական թերթ է պահում և հրացան: Օսվալդը ձերբակալությունից հետո պնդում էր, որ լուսանկարները կեղծ են։
«Մենք ստեղծել ենք Օսվալդի համակարգչային մոդելը և ուսումնասիրել ենք լուսավորումն ու ստվերները: Դա մեզ թույլ է տալիս վստահ լինել, որ լուսանկարն իրական է»,- պատմել է պրոֆեսոր Հանի Ֆարիդը, որը գլխավորում է հետազոտող-քրեագետների խումբը։










