Քերին ցանկանում է Սիրիայի հարցով հանդիպում ունենալ Ռուսաստանի և այլ շահագրգիռ կողմերի հետ

13:01 • 19.10.15

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի ներկայացուցիչների հետ՝ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար։


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա չի հստակեցրել, թե ինչ ձևաչափով է լինելու հանդիպումը։

 

«Ռազմական լուծում գոյություն չունի, և այդ մասին ասել են բոլորը, այդ թվում՝ ռուսները։ Այս իրավիճակն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա։ Ես փորձելու եմ պայմանավորվել Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Թուրքիայի և այլ երկրների առաջնորդների հետ, որոնք կկարողանան օգնել լուծումը գտնելու հարցում»,-ասել է նա։

 

Քերիի խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ այս շաբաթ։ Նա հավելել է, որ հանդիպման նպատակն ավելի լավ հասկանալն է, թե լուծման ինչ տարբերակներ կան։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել։

 

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, թե ուսումնասիրում են Քերիի՝ Սիրիայի հարցով հանդիպելու առաջարկը։


«Մեզ այդ առաջարկը հայտնի է, և մենք ուսումնասիրում ենք այն»,-ասել է աղբյուրը։