Ինչ անել, եթե երեխան հրաժարվում է ուտել. մանկաբույժի խորհուրդը

19:57 • 19.10.15

Եթե երեխային ստիպողաբար են կերակրում, դա նրա մոտ ձևավորում է սխալ սնուցողական վարքագիծ, և հետագայում հիմնական խնդիրները կապված են լինում ոչ թե կոնկրետ սննդի տեսակի կամ ախորժակի բացակայության հետ, այլև սնվելու հետ կապված տհաճ զգացողությունների:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ մեկ ամբիոնի դասախոս Նանե Մնացականյանը՝ անդրադառնալով դժվար սնուցվող երեխաների խնդիրներին:

 

Նա նշեց, որ վիտամիները, դեղորայքային տարբերակները ավելի շուտ կոմերցիոն բնույթի են  և որոշ երեխաների մոտ կարող են ազդեցություն թողնել, որոշների մոտ էլ՝ ոչ:

 

«Տվյալ պարագայում ծնողներին խորհուրդ է տրվում փոխել  երեխայի սնուցման վարքագիծը, որը պահանջում է որոշակի ժամանակ և ջանքեր: Պետք է սնուցումը կարողանալ կազմակերպել  համբերատար և հոգատար ձևով: Հատկապես սկզբնական շրջանում  կարող  է բավականին բարդ լինել, որովհետև երեխաները չեն ուզում ուտել, սակայն ստիպել միանշանակ չի կարելի»,-ասաց նա:

 

Նանե Մնացականյանը նշեց, որ պետք է առաջարկել  համեմատաբար երեխայի համար ավելի հաճելի սննդատեսակներ:


«Եթե երեխան մեծ ծավալով չի կարողանում ուտել, ապա կարելի է փոքր քանակությամբ հաճախակի կերակրումներ կազմակերպել, ժամանակացույց սահմանել, որպեսզի երեխան կոնկրետ ժամերի ուտի, որ հետագայում սովի զգացողություն առաջանա: Որոշ դեպքերում կարելի է խաղի ձևով անցկացնել սնուցումը»,-ասաց նա և նշեց, որ երբեմն երեխաները իրենք են ցանկանում մասնակցել սնուցմանը, ինչը չպետք է արգելել,  իսկ ծնողները հաճախ աշխատում են դա արագ անել:


«Այսինքն՝ սնունդ ստանալու ժամանակաշրջանը երեխայի համար պետք է լինի հաճելի, և ոչ թե մեկ-երկու օրերի, այլ ժամանակի ընթացքում հնարավոր է լինում երեխային ճիշտ սնուցման վարքագիծ ձևավորել, և հետագայում՝ մեծ տարիքում երեխաները սննդի հետ կապված խնդիրներ չեն ունենում»,-ասաց նա: