Սպիտակի երկրաշարժի մասին նոր ֆիլմ է նկարահանվում. ստեղծողները մտադիր են այն նաև Օսկարի ներկայացնել (լուսանկարներ)
Մոսկվայում սկսվել են Սպիտակի երկրաշարժի մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:
«Կինոպոիսկ» ռեսուրսը հայտնում է, որ «Մի երկրաշարժի պատմություն» վերնագրով ֆիլմի պրոդյուսերն է անվանի կինոպրոդյուսեր, «Մարս մեդիա» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը: Վերջինս մանրամասներ է հայտնել ֆիլմի նկարահանումներից:
Ըստ այդմ` ֆիլմի դեպքերը ծավալվելու են Գյումրիում: Ըստ Դիշդիշյանի` «Լենինականի երկրաշարժը վերջին իրադարձություններից էր ԽՍՀՄ-ի պատմության մեջ, որը միավորել էր համայն խորհրդային ժողովրդին»:
Հետաքրքրական է, որ ինքը` Ռուբեն Դիշդիշյանը, երկրաշարժի հաջորդ օրը եկած է եղել Գյումրի, օգնել փլատակների տակ մարդիկ գտնելու գործողություններին:
Միաժամանակ հայտնի կինոպրոդյուսերը խոստովանում է, որ Հայաստանի հետ կապված որևէ բան նկարահանելու գաղափար եղել է, սակայն կոնկրետ 1988-ի հետ կապված մտքեր չեն եղել: Այժմ ֆիլմի ստեղծողները մտածում են նաև զուգահեռ վավերագրական ֆիլմ նկարել` Սպիտակի երկրաշարժի մասին:
Հայտնի է նաև Սպիտակի երկրաշարժի մասին մեկ այլ խոշոր կինոնախագծի մասին, որը ունի «Սպիտակ» վերնագիրը: Այս ֆիլմի սցենարը գրվել է 2008-ին, պրոդյուսերն է Ելենա Գլիկմանը, ռեժիսորը Ալեքսանդր Կոտը: Այս ֆիլմում հերոսը երկրաշարժի ժամանակ Մոսկվայից վերադառնում է իր լքած ընտանիքին գտնելու հույսով ու հայտնվում բուռն իրադարձությունների հորձանուտում:
Պրոդյուսեր Դիշդիշյանը այս առիթով ասել է, որ ինքը սկզբում «շոկ է ապրել» այս լուրից, ապա նեղացել ֆիլմի պրոդյուսեր-ռեժիսորից, ովքեր իրեն չեն դիմել, եղել է նաև երկու ֆիլմերը «համատեղելու» գաղափար: Սակայն այժմ դրանք նկարահանվում են առանձին-առանձին:
Ավելին` պրոդյուսերը խոստովանում է, որ իրենց ֆիլմի սցենարը գրել են հայեր, ֆիլմի «թիրախը» ոչ միայն հայ, այլև ռուսաստանցի հանդիսատեսին է. ֆիլմում կա և՛ հայ, և՛ ռուս հերոս, կա և՛ «մարդկային պատմություն, և՛ էքշըն», լինելու է, այսպես կոչված, «աղետ ֆիլմերի» ժանրում:
Հայտնի է, որ ֆիլմում զբաղված են ռուսական կինոյի այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Արտյոմ Բիստրովը: Իսկ այ հայ դերակատարների քասթինգը տևել է կես տարի: Հայտնի է, որ ֆիլմում հանդես կգան Միքայել Պողոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Տաթևիկ Հովակիմյանը:
Մոսկվայում նկարահանումները ընթանում են լքված գործարանի տարածքում, հայտնի է, որ նկարահանումներ են լինելու նաև Գյումրիում:
Հայտնի է նաև, որ ֆիլմում 100.000 դոլար է հատկացրել Հայաստանի Մշակույթի նախարարությունը, Կինոյի ֆոնդը:
Այս ամենով հանդերձ, պրոդյուսերը հուսով է ստանալ թե փառատոնային հաջողություն, թե դրամարկղային հաջողություն գրանցել: Նա նաև մտադրություն է հայտնել Հայաստանի կողմից ֆիլմը «Օսկարի» ներկայացնել:
















