Ուկրաինական հեռուստաալիքը հայտարարել է Պուտինի և Պորոշենկոյի ձեռքսեղմումը ցուցադրելու արգելքի մասին

12:40 • 19.10.15

Ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաալիքը հրապարակել է նախկին պրոդյուսեր Վիկտոր Զուբրիցկիի հայտարարությունն այն մասին, որ նախագահի գրասենյակն արգելել է ցուցադրել Փարիզում հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքսեղմումը։

 

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին հեռուստաալիք են զանգահարել նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակի աշխատակիցները՝ Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթաժողովի մեկնարկից առաջ Պուտինի հետ ձեռքսեղմումը ցույց չտալու պահանջով։

 

Զուբրիցկին պնդում է, որ դա հեռուստաալիքի վրա ճնշման առաջին դեպքը չէ։

 

Հենց եթերում երկու նախագահների ձեռքսեղմման տեսարանը տեղադրելու որոշման հետ է Զուբրիցկին կապում հոկտեմբերի 16-ի դատարանի որոշումը՝ հեռուստաալիքի գրասենյակում խուզարկություն անցկացնելու և բոլոր համակարգիչներն ու թվային կրիչներն առգրավելու վերաբերյալ։