Սահմանադրական բարեփոխումների դրական ասպեկտ է այն, որ հավելյալ իրավունքներ են տրվում ընդդիմությանը. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

13:06 • 20.10.15

 

Յուրաքանչյուր պետության պատասխանատվությունն է որոշել՝ ո՞րն է լինելու իր քաղաքական համակարգը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
 

Մաթիաս Քիսլերը նշեց, որ Եվրոպայում գործում են կառավարման տարբեր համակարգեր, Ֆրանսիայում՝ նախագահական, Գերմանիայում՝ խորհրդարանական, որոնք ունեն թե՛ իրենց առավելությունները, թե՛ թերությունները: Այնուամենայնիվ, դեսպանն ասաց, որ կառավարման մոդելի փոփոխությունը հասարակության որոշելիքն է:


«Պետք է հասարակությունը որոշի, թե ո՞ր մոդելն է ավելի համապատասխան հայաստանյան իրականությանը: Մեզ համար կարևոր է այն, որ հասարակության մեջ լինի լայն կոնսենսուս և որ բոլորը ներգրավված լինեն գործընթացի մեջ: Հիմա, երբ դեկտեմբերի 6-ին անցկացվելու է հանրաքվե, կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է հարցի քննարկումների համար՝ բացատրելու, թե ինչի համար են Սահմանադրական բարեփոխումները»,- շեշտեց նա:


Հարցին՝ խորհրդարանական կառավարման մոդելը համատեղելի՞ է հայկական իրականությանը, Գերմանիայի դեսպանն ասաց, թե պետք է հասկանալ՝ որն է ցանկացած բարեփոխման նպատակը:
 

«Օրինակ, ես կարծում եմ, որ Սահմանադրական բարեփոխումների փաթեթում հիմնական իրավունքների փաթեթը շատացվել է, լրացվել է: Այնտեղ նաև հավելյալ իրավունքներ են տրվում ընդդիմության ներկայացուցիչներին, և ես կարծում եմ, որ սա այս բարեփոխումների դրական ասպեկտն է»,- ընդգծեց Մաթիաս Քիսլերը՝ նշելով, որ նախագիծը միայն կոնցեպտն է, որը պետք է հետագայում իրագործվի:


«Ընդունելն ու կյանքի կոչելը երկու տարբեր բաներ են»- հավելեց դեսպանը:


Դիվանագետի խոսքով՝ Եվրամիությունը չի ցանկանում միջամտել այս հարցում. «Մեզ համար կարևոր է այն, որ եթե ինչ-որ փոփոխություն է կատարվում, ապա դրանք լինեն հասարակության լայն աջակցությամբ»: