Արմեն Գալստյանի լիազորությունները ՄԻԵԴ-ում կերկարաձգվեն

21:36 • 20.10.15

ՀՀ կառավարությունն Արմեն Գալստյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը կերկարաձգի ևս մեկ տարով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում:

 

«2010թ. փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի /ՄԻԵԴ/ ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողով, որտեղ անդամ երկրները ընդունեցին` դատարանին հավելյալ կադրերի տրամադրման անհրաժեշտությունը` անդամ երկրների դեմ ուղղված դիմումների հսկայական քանակն ու ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Ստրասբուրգ:  ԵԽ քարտուղարությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ իշխանություններին` խնդրելով Ա. Գալստյանի գործուղման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, նույն պայմաններով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ: