Կանադան նոր վարչապետ ունի
Կանադայի կառավարության ղեկավար Սթիվեն Հարփերը լքել է պաշտոնն այն բանից հետո, երբ Պահպանողական կուսակցությունն ընտրություններում պարտվել է լիբերալներին, հաղորդում է Business insider-ը։
«Վերջին 9 տարիներին հպարտ էի լինել ձեր վարչապետը։ Դա հրաշալի փորձ էր»,-ասել է Հարփերը՝ դիմելով ժողովրդին։
Բացի այդ, Հարփերը որոշել է հեռանալ նաև Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից։
Լիբերալների հաղթանակից հետո Կանադայի վարչապետ է դարձել Ջասթին Տրյուդոն։
Կանադայում հաշվարկվել է քվեաթերթիկների մոտ 80 տոկոսը։ Ըստ այդմ՝ պահպանողականները հավաքել են 31 տոկոս՝ զբաղեցնելով երկրորդ տեղը խորհրդարանում։ Նրանք կարող են ստանալ խորհրդարանի 338 տեղերից միայն 102-ը։
Հաղթանակը Լիբերալ կուսակցությանն է՝ Ջասթին Տրյուդոյի գլխավորությամբ։ Նրանք ստացել են ձայների 40 տոկոսն ու խորհրդարանում 189 մանդատ կունենան։
Ի դեպ, Ջասթին Տրյուդոն Կանադայի նախկին վարչապետներից Պիեռ Տրյուդոյի որդին է։ Նրա հայրը Կանադայի պատմության ամենասիրված առաջնորդներից մեկն է եղել։










