Ինչ կլինի, եթե հրաժարվեք կոֆեինից

14:30 • 20.10.15

Կոֆեինն այնպիսի նյութ է, որը միևնույն ժամանակ և՛ օգտակար է, և՛ վնասակար: Այն բարելավում է հիշողությունը, բարձրացնում տրամադրությունը, բայցև կախվածություն է առաջացնում: Եթե որոշել եք կտրուկ նվազեցնել կոֆեինի օգտագործաման քանակը` սուրճից հրաժարվելու մեթոդով, ապա ձեզ սպասում են ստորև ներկայացված «անակնկալները», գրում է zdorovie.com-ը։

 

Ձեր ինքնազգացողությունը կվատանա

Եթե դուք սուրճի մեծ սիրահար եք և օրական խմում եք 3-4 բաժակ, ուրեմն դրանից հրաժարվելու դեպքում կունենաք տրամադրության պարբերաբար անկում, հոգնածության զգացողություն, գլխացավ։ Այս վիճակը կոչվում է «կոֆեինային ընկճախտ» և տևում է 7-10 օր։ Սակայն դրա ախտանշանները հնարավոր է զգալի թեթևացնել, եթե դուք կոֆեինից ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար հրաժարվեք` 2-3 օրը մեկ նվազեցնելով խմվող սուրճի քանակը։

 

Դուք կնիհարեք կամ քաշ կհավաքեք


Գաղտնիք չէ, որ սուրճի և առավելապես գազավորված ըմպելիքների մեջ պարունակվող կոֆեինը պարարտ հող է ստեղծում ավելորդ քաշի առաջացման համար։ Ուստի՝ կոֆեինից հրաժարվելով` չեք կուտակի ձեր օրգանիզմում ավելորդ կալորիաներ։

 

Միևնույն ժամանակ, կոֆեինն ունի ախորժակը փակելու հատկություն, սակայն եթե դուք հրաժարվեք դրա օգտագործումից, կսկսեք քաղց զգալ ու հնարավոր է` փոքր- ինչ կգիրանաք:


Կսկսեք ավելի լավ քնել

Կոֆեինից հրաժարված մարդիկ շատ ավելի խորն են քնում, քան նրանք, ովքեր անկողին մտնելուց առաջ սուրճ են խմում:

 

Ավելի հանգիստ կդառնաք

Կոֆեինն օրգանիզմում առաջացնում է ադրենալինի «պայթյուն» ու գրգռում է նյարդային համակարգը: Բացի այդ, այն նեղացնում է արյունատար անոթներն ու բարձրացնում ճնշումը։ Ուստի՝ դրանից հրաժարվելու դեպքում դուք անհամեմատ ավելի հանգիստ ձեզ կզգաք։


Ձեր մարզումները կտուժեն


Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարզումներից առաջ սուրճի օգտագործումն «արթնացնում» է մարմինն ու ստիպում ավելի լավ ցուցանիշներ գրանցել: Ուստի՝ կոֆեին չօգտագործելով` դուք կարող եք մի քիչ նահանջել մարզումների հարցում:

 

Դուք հակաօքսիդանտների սուր պակաս կզգաք

Ըստ մասնագետների՝ սուրճը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք արդյունավետ պայքարում են քաղցկեղի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման դեմ։ Ուստի՝ սուրճից հրաժարվելու դեպքում հակաօքսիդանտների պահանջը լրացրեք կանաչ թեյով, մրգերով ու բանաջարեղենով։

Ինչ կլինի, եթե հրաժարվեք կոֆեինից