Ձերբակալվել է Դիարբեքիրի փաստաբանների միության ղեկավարը՝ PKK-ի մասին արած հայտարարության պատճառով
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Դիարբեքիր քաղաքի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչիին՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մասին արած հայտարարությունների պատճառով։ Նա ասել էր, որ երկրում արգելված կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն չէ։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, այդ հայտարարությունն Էլչին արել էր CNN Turk հեռուստաընկերության եթերում՝ անցյալ շաբաթ։
Նա ձերբակալվել է իր աշխատասենյակում այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը համապատասխան օրդեր է տվել։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության կողմնակիցները հավաքվել են Էլչիի գրասենյակի մոտ և բողոքել ընդդեմ նրա ձերբակալության։ Այսօր դատարանը նրա հնարավոր կալանքի մասին որոշում կկայացնի։










