Դուբլին թռչող օդանավում կողքինին կծած ու մահացած ուղևորի մարմնում անհայտ նյութով մի քանի փաթեթ է հայտնաբերվել
Լիսաբոնից Դուբլին թռչող օդանավում կողքի նստածին կծած և թռիչքի ժամանակ մահացած 24-ամյա ուղևորի մարմնում դիահերձման ընթացքում անհայտ նյութով մի քանի փաթեթ է հայտնաբերվել, գրում է lenta.ru-ն։
Հաղորդվում է, որ փաթեթներից մեկը բացված է եղել։ Մոտ ժամանակներս բժիշկները փորձաքննություն կանցկացնեն և կպարզեն տղամարդու մահվան հստակ պատճառը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին թռիչքից մեկ ժամ անց 24-ամյա բրազիլացի Ջոն Սանտոս Գուրգաոն խուճապի նոպայի մեջ հարձակվել էր հարևանի վրա և կծել նրան: Անձնակազմի անդամները նրան փորձել էին վնասազերծել, ինքնաթիռի օդաչուն արտակարգ վայրէջք էր խնդրել իռլանդական Քորք քաղաքի օդանավակայանում։ Որոշ ժամանակ անց տղամարդն իրեն վատ էր զգացել և կորցրել էր գիտակցությունը: Երբ ինքնաթիռը վայրէջք էր կատարել, դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել էին երիտասարդի մահը:
Արտակարգ վայրէջքից հետո ոստիկաններն անմիջապես օդանավակայանի շենքում հարցաքննել են ավելի քան 170 մարդու, որոնք նույն չվերթով թռչում էին Իռլանդիայի մայրաքաղաք, և ձերբակալել են Պորտուգալիայի 44-ամյա մի բնակչուհու։ The Evening Standard-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում հայտնաբերվել է ամֆետամին։
Նարկոբիզնեսի ներկայացուցիչները սուրհանդակների են օգտագործում գումար և թմրամիջոց տեղափոխելու համար։ Այդպես, այս տարվա օգոստոսին կոլումբիական ոստիկանությունը Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել է կնոջ, որը ստամոքսի մեջ 38,5 հազար դոլար էր տեղափոխում։










