Հայ դերասանուհին Ստամբուլի բեմում Էդիտ Պիաֆին է մարմնավորել
Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը հոկտեմբերի 15-16-ը Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը (բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի):
«Արմենպրես»-ին Պատանի հանդիսատեսի թատրոնից հայտնել են, որ «Մարսել» մոնոներկայացումը Ստամբուլ է հրավիրել Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերը: 2 օր 680 տեղանոց հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել: Հանդիսականը ջերմությամբ է ընդունել երիտասարդ դերասանուհու խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը:
«Մարսել» մոնոներկայացման երևանյան առաջնախաղը կայացել է 2011-ին: Այն ցուցադրվել է ՊՀԹ-ի բեմում՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Մինչ օրս ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների:
«Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահից հետո: Հերոսուհին փորձում է կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ և ոգեհմայության միջոցով ետ կանչել նրան: Նա աղոթում է և իրեն թվում է, թե խոսում է Մարսելի հետ: Նրա աղոթքը երգն է: Ներկայացման մեջ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը երգերը կատարում է դրամատիկ խաղի միջոցով (ներկայացման ընթացքում հնչում են 12 երգ Է. Պիաֆի երգացանկից): Ներկայացման մեջ հերոսուհու շուրթերից հնչում է միայն մեկ բառ` Մարսել:










