Ռուսաստանի Կոմկուսը կդիմի Պուտինին՝ մահապատիժը վերականգնելու խնդրանքով
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը մտադիր է դիմել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որոշ հանցագործների համար, որոնց գործողությունները քաղաքացիների դաժան մահվանն են հանգեցրել, մահապատիժը վերականգնելու խնդրանքով։
Ինչպես տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Պետդումայի պատգամավոր Վադիմ Սոլովյովը։
«Մենք նման դիմում ենք պատրաստում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջերս ավելացել են բռնության գործադրմամբ հանցագործությունները պետական պաշտոնյաների, տարբեր մակարդակի պատգամավորների վրա»,-ասել է Սոլովյովը։
Հոկտեմբերի 19-ին Կրասնոգորսկի վարչական շենքում սպանվել էին Կրասնոգորսկի շրջանի ղեկավարի տեղակալ Յուրի Կարաուլովն ու շրջանի էլեկտրական ցանցերի ղեկավար Գեորգի Կոտլարենկոն։
Բացի այդ, ենթադրյալ մարդասպան Ամիրան Գեորգաձեն սպանել էր պատահական ականատեսի և իր բիզնես գործընկերոջը։










