ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կվատացնի մի շարք երկրների հետ հարաբերությունները՝ Ադրբեջանին մերժելով. ՌԴ ԿԸՀ նախագահ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն Ադրբեջան դիտորդներ ուղարկելու հետ կապված մերժման դեպքից հետո կարող է վատացնել մի շարք երկրների հետ հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը, գրում է РИА Новости-ն։
Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 1-ին։ Սեպտեմբերի կեսին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայտարարել էր, որ չի հետևելու հանրապետությունում անցկացվելիք ընտրություններին՝ երկրի իշխանությունների կողմից իր դիտորդների թվի սահմանափակումների պատճառով։
«Ես կարծում եմ, որ այս միջադեպը բավականաչափ լուրջ կանդրադառնա ԺՀՄԻԳ-ի հետ մի շարք երկրների հարաբերությունների վրա»,- ասել է Չուրովը Շրջանների ընտրական հանձնաժողովների նախագահների հետ համառուսաստանյան խորհրդակցության ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրությունների համար գրանցել է 42 երկրից 318 դիտորդի։










