Հայտնի հաղորդավար Քոնանը հիասքանչ հաղորդում է խոստանում Հայաստանի մասին (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի հեղինակ և վարող Քոնան Օ՛Բրայանը, որ վերջերս Հայաստանում էր, իր հաղորդման ընթացքում անդրադարձել է այդ ճանապարհորդությանը և Հայաստանում նկարահանված հիանալի հաղորդում խոստացել հեռուստադիտողներին։
Քոնան Օ՛Բրայանը նշել է, որ նոր է վերադարձել Հայաստան կատարած ճամփորդությունից և հավելել է, որ դա «շշմեցուցիչ փորձառություն էր»։ Օ՛բրայանը պատմել է, որ իր օգնականին՝ Սոնային, տարել է իր հետ նրա նախնիների հայրենիք։
«Բայց նրա հայրենիքը Գլենդեյլը չէ՞»,- հարցրել է Քոնանի զրուցակիցը։ «Ինձ ոչ ոք չէր ասել այդ մասին 20-ժամանոց թռիչքից առաջ, որ ես պարզապես պետք է գնայի Գլենդեյլ»,- կատակել է Քոնանը։
«Դա հիասքանչ ուղևորություն էր։ Նկարահանումներ ենք արել մոտ 4,5 օր, միլիոնավոր խենթ պատմություններ են եղել: Անհամբերությամբ սպասում եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ այն պատրաստ կլինի հավանաբար նոյեմբերի կեսին, չնայած հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։
«Ես վստահ եմ, որ ընտիր հաղորդում է լինելու: Ես իսկապես հիացած եմ ճամփորդությամբ։ Հայաստանի մարդիկ հիանալի են, և դա չքնաղ փորձառություն էր»,- ասել է հայտնի թոք-շոուի հեղինակը:










