ՄԱԿ-ի նպատակն է մինչև 2030 թվականը հասնել գենդերային հավասարության. Բան Կի Մուն
Կանանց համար հավասար իրավունքներ և հնարավորություններ. սա ՄԱԿ-ի նպատակն է մինչև 2030 թվականը։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունն «Աշխարհի կանայք- 2015» զեկույցի ներկայացման ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կանանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաջին համաժողովն անց է կացվել Պեկինում 1995 թվականին։ Այդ ընթացքում, ինչպես ասում է Բան Կի Մունը, կանանց իրավունքների հարցում տեղի են ունեցել զգալի բարելավումներ։
Չնայած դրան՝ միլիոնավոր կանայք շարունակում են բախվել բռնության և խտրականության խնդրին, աշխարհում անգրագետ մարդկանց 2/3-ը կանայք են։
Նրանցից շատերը ստիպված են աշխատանքի դիմաց քիչ վարձատրություն ստանալ։ Հարավային Ասիայում և Աֆրիկայում մեծ խնդիր է շարունակում մնալ ծննդաբերության ժամանակ մահացությունը։
Միևնույն ժամանակ, 20 տարվա ընթացքում կանանց կյանքի տևողությունը 64-ից ավելացել է 72-ի, իսկ ամուսնության միջին տարիքը, զեկույցի համաձայն, այժմ 25-ն է։
Բացի այդ, Բան Կի Մունի խոսքով, կանայք նաև վերջին տարիներին սկսել են զգալիորեն ավելի լավ կրթություն ստանալ։
Կանանց իրավունքների մասին զեկույցը կազմակերպությունը հրապարակում է հինգ տարին մեկ անգամ։










