Ջոն Քերին մտադիր է հանդիպել Սերգեյ Լավրովի հետ. ԱՄՆ պետդեպ

09:08 • 21.10.15

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախատեսում է բանակցություններ անցկացնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Եվրոպա և Մերձավոր Արևելք կատարելիք այցի շրջանակում։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, թե այդ այցը կկայանա հոկտեմբերի 21-25-ը։

 

«Նա ակնկալում է, որ այցի ընթացքում կկարողանա հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Այցի ընթացքում Քերին ցանկանում է հանդիպել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև բանակցել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի արտգործնախարարների հետ»,-ասել է Կիրբին։


Կիրբին ԱՄՆ պետքարտուղարի այցի երթուղու մանրամասները չի ներկայացրել:

 

Ավելի վաղ Քերին հայտարարել էր, թե առաջիկայում կկայանա իր հանդիպումը Սերգեյ Լավրովի և  սիրիական խնդրում ներառված «այլ կողմերի» հետ։