Նիդեռլանդներն արաբերեն կթարգմանի Սահմանադրությունը փախստականների համար
Նիդեռլանդները Սահմանադրությունն արաբերեն կթարգմանի փախստականների համար: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ռոնալդ Պլաստերկը, գրում է ТАСС-ը։
«Այս մարդիկ ժամանում են բոլորովին անծանոթ մի երկիր: Կարծում եմ՝ հասարակությունում գործող հիմնական կանոնների մասին տեղեկությունն իրենց մայրենի լեզվով օգուտ կտա»,- ասել է նա։
«Մեր սահմանադրությունը, օրինակ, նախատեսում է խոսքի ազատություն և տղամարդկանց ու կանանց միջև հավասարություն: Մեզ մոտ տարբեր սեռական կողմնորոշումներով մարդիկ կարող են կողք կողքի ապրել և յուրաքանչյուրն ազատ է հետևել իր կրոնին»,- ընդգծել է նախարարը:
Սահմանադրության արաբերեն թարգմանված առաջին գլուխը, որը նկարագրում է հիմնարար իրավունքները, կուղարկվի քաղաքապետարաններին արդեն հաջորդ շաբաթ: Ողջ Սահմանադրության թարգմանության աշխատանքները պետք է ավարտվեն մինչև նոյեմբերի սկիզբը:
Սահմանադրության արաբական տարբերակը հասանելի է լինելու թվային տեսքով, որպեսզի քաղաքապետարանները կարողանան դրանք տեղադրել իրենց կայքերում, ինչպես նաև օրինակներ տպեն փախստականների շրջանում տարածելու համար:
Արաբերենը կդառնա չորրորդ լեզուն, որով պաշտոնապես թարգմանված կլինի հոլանդական Սահմանադրությունը: Այն արդեն թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն։










