Շվեդ գիտնականները ցկյանս կրթության թեմայով բաց դաս են անցկացրել Երևանում
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ուսանողների և դասախոսական անձնակազմի համար այսօր անցկացվեց բաց դաս՝ ցկյանս կրթության վերաբերյալ: Երևան ժամանած շվեդ գիտնականները կիսվեցին իրենց փորձով՝ ձեռնարկատիրության ոլորտում ունեցած գիտելիքների պրակտիկ կիրառության վերաբերյալ:
Ինչպես ասաց Եվրոպայի մենեջմենթի ակադեմիայի (EURAM) փոխնախագահ Հանս Լունբերգը, արագ զարգացող աշխարհում հնանում են ոչ միայն մասնագիտությունները, այլև՝ մասնագիտական գիտելիքները, որոնք կարիք ունեն վերաթարմացման: «Հենց սրա համար ենք մենք նախատեսել հանդիպումն ու այս ծրագիրն առհասարակ»,- նշեց գիտնականը:
Ծրագրի համակարգողներից Սյուզաննա Շամախյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ծրագրի մշակման փուլից ներգրավվել են գործընթացի մեջ, քանի որ հետաքրքրված են եղել ցկյանս կրթությամբ:
«Նպատակն այն է, որ մեր դասախոսներն ու ուսանողները ծանոթանան նոր եղանակներին, որոնք թույլ կտան գումար վաստակել նմանատիպ կուրսերի միջոցով»,- նշեց նա։
Սյուզաննա Շամախյանը հույս հայտնեց, որ այս կերպ բացի ֆորմալ կրթությունից, համալսարանները կծանոթանան նաև ոչ ֆորմալ կրթության հմտություններին՝ բոլոր տարիքային խմբերի համար:
«Միջին տարիքի մարդիկ, ովքեր կրթություն են ստացել, և որոնց մասնագիտությունները հնանում են, կանգնած են լուրջ խնդրի առաջ. նրանց մասնագիտությունը պահանջված չէ: Ուստի նման ծրագրերի միջոցով պետք է վերապատրաստել նման մարդկանց»,- ասաց Սլուզաննա Շամախյանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և LeAGUe Tempus ծրագրի շրջանակներում իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում:











