Հռոմի պապի մոտ գլխուղեղի ոչ մեծ ուռուցք է հայտնաբերվել. լրատվամիջոցներ

13:51 • 21.10.15

Բժիշկները Հռոմի պապի մոտ գլխուղեղի ոչ մեծ ուռուցք են հայտնաբերել։ Քաղցկեղի նման ձևը բուժվում է առանց վիրահատական միջամտության, գրում է իտալական Quotidiano պարբերականը։

 

Հաղորդվում է, որ մի քանի ամիս առաջ Հռոմի պապը մեկնել է Տոսկանայի կլինիկաներից մեկը՝ խորհրդակցելու ճապոնացի պրոֆեսոր Տականորա Ֆուկուսիմայի հետ, որը հայտնի է որպես գլխուղեղի ուռուցքներ բուժող մասնագետ։

 

Հիվանդանոցի բուժքույրը խոստովանել է, որ երբ փաստաթղթերում կարդացել է հիվանդի անունը, չի կարողացել հավատալ դրան, փոխանցում է gazeta.ru-ն։

 

Վատիկանը հերքել է հիվանդության մասին տեղեկությունը: Սուրբ աթոռի մամուլի բաժնի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին այդ տեղեկությունն անհիմն է համարել ու հայտարարել է, որ Հռոմի պապն իրեն հրաշալի է զգում և շարունակում է աշխատել։

 

Հոդվածի հեղինակը, սակայն, նշում է, թե ստացված տեղեկության հավաստիության հարցում չի կասկածում: Եվ այս դեպքում, հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի հսկայական սոցիալական դերակատարությունը, հանրությունն իրավունք ունի տեղյակ լինելու նրա առողջական վիճակի մասին։