Մեզ մոտ պարտվածներն էլ են ուզում վերարտադրվել, ուզում են նորից պարտվել. Ազատ Արշակյանը՝ «ոչ»-ի ակցիաների մասին

20:48 • 22.10.15

«Մինչև 2017 թվականը պետք է նրանք հասցնեն թափ հավաքել, որպեսզի մասնակցեն ընտրություններին, որովհետև այն ռեսուրսները, որ նրանք այսօր ունեն, և այն ծրագրերը, որ ներկայացնում են, բավարար չեն, որպեսզի հեղափոխություն լինի Հայաստանում»,- ասաց Ազատ Արշակյանը՝ հավելելով, թե Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ երկրում առկա խնդիրների զգալի մասը Հայաստանում չի ձևավորվում, դա «նվեր» են տալիս, տնտեսական ճգնաժամ, սահմանային լարված վիճակ և այլն:


«Ընդդիմությունը դրա մասին տեղյակ է, և այդքանով հանդերձ հայ ժողովրդին հանել ինչ-որ իմպերիաների դեմ, անիմաստ է»,- ասաց նա:


Ազատ Արշակյանի խոսքով՝ «ոչ»-ի քարոզարշավը որպես քաղաքական ակցիա կողմնակիցներ կհավաքի, առաջիկա ընտրություններում կունենա որոշակի հաջողություններ.  դա լավ է:


«Լավ է, որ կան նոր մարդիկ, հները շատ են, պարտված, ջախջախված, կարելի է ասել խեղված թեկնածուները շատ են, որ ուզում են վերադառնալ իշխանություն, կոպիտ ասած վերարտադրվել են ուզում: Ոչ միայն իշխանությունն է ուզում վերարտադրվել, մեզ մոտ պարտվածներն էլ են ուզում վերարտադրվել, ուզում են նորից պարտվել, մազոխիստներ են, այսպիսիք էլ կան: Հեղափոխություն, իշխանափոխություն, նման բաների մեր երկիրը պատրաստ չէ: Նույնիսկ լիդեր չկա, ես դա ասում եմ որպես հին մարդ: Որևէ մեկը չկա, որ գա ու ասի, թե ես այսպիսի ծրագիր ունեմ, միացեք ինձ իրականացնենք, այլ ասում են քանդենք, հետո մի բան կկառուցենք»,- ընդգծեց Ազատ Արշակյանը: