Ադրբեջանը դիմել է Շվեյցարիայի դատախազությանը` պահանջելով դատական հետապնդում սկսել շվեյցարահայ գործարարի դեմ

10:43 • 22.10.15

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Շվեյցարիայի գլխավոր դատախազությանը` պահանջելով դատական հետապնդում սկսել շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմակեսի դեմ։ Ինչպես նշում է Asbarez-ը, Սիրմակեսը Franck Muller Group ընկերության համահիմնադիրն ու գլխավոր գործադիր նախագահն է։

 

Ըստ ադրբեջանական կողմի՝ Սիրմակեսն «ապօրինի» տնտեսական ակտիվություն է ծավալում Ադրբեջանի «գրավյալ տարածքներում», ինչպես նաև միջազգային մակարդակով քարոզում է Լեռնային Ղարաբաղի «ապօրինի» ռեժիմը:

 

Աղբյուրը հավելում է, որ Ադրբեջանում Սիրմակեսի դեմ արդեն դատական հայց է ներկայացվել` ըստ այդ երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների։