Հաջից վերադարձած ավելի քան 500 ադրբեջանցի ուխտավորների մոտ վիրուսային հիվանդություն է հայտնաբերվել

16:13 • 22.10.15

Այս տարի ուխտագնացությունից՝ հաջից վերադարձած շատ ադրբեջանցի ուխտավորների մոտ վիրուսային հիվանդություն է հայտնաբերվել, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Ինչպես հայտնել է հաջի ժամանակ ադրբեջանցի ուխտավորներին ուղեկցող բժիշկների խմբի ղեկավար Հաջի Քիթաբուլահ Աքբերովը, նրանք այդ վիրուսով վարակվել են Սաուդյան Արաբիայում։

 

Աքբերովն ասել է, որ դա սուր շնչառական վարակիչ հիվանդություն է, որի ախտանշաններն են՝ ծանր հազը, փռշտոցը, ախորժակի բացակայությունը, մկանային ցավերը։

 

«Այդ վիրուսը կրում է հաջից վերադարձած ավելի քան 500 մարդ։ Հիվանդության պատճառն այն է, որ նրանք այնտեղ դիետայի չեն հետևել, սառը ջուր են խմել և այլն»,- ասել է նա։

 

Նշվում է, որ այս տարի Ադրբեջանից Մեքքա է ուղևորվել 2.400 ուխտավոր։

 

Օրեր առաջ Associated Press գործակալությունը հայտնել է, որ անցյալ ամիս Սաուդյան Արաբիայում մուսուլմանների համար սրբազան հաջի ժամանակ զանգվածային հրմշտոցի հետևանքով տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 2.177-ի։