Կիմ Չեն Ընի այցը Փհենյանի նոր թաղամաս՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բարձրաստիճան պաշտոնյաների ընկերակցությամբ ստուգել է մայրաքաղաք Փհենյանում գիտնականների «Միրե» նոր փողոցը, հաղորդում է gazeta.ru-ն։
Լուսանկարներից մեկում կարելի է տեսնել, որ փողոցը զննելու համար Կիմ Չեն Ընը ժամանել է չորս Mercedes ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյունով։
Նախկինում նա հետևել է նոր թաղամասի կառուցման աշխատանքներին սեփական ինքնաթիռից։
Կիմ Չեն Ընը նաև մտել է արդեն կահավորված բնակարաններից մեկը և գնահատել ներքին հարդարանքի հարմարավետությունը։
Նա նշել է, որ իրեն «շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես են շենքերը կառուցվում կուսակցության կողմից հաստատված դիզայնի համաձայն»։ Շինարարական հարթակը, որտեղ աշխատելիս են եղել բանվորները, նրան հիշեցրել է այն մարդկանց, «ովքեր մեծ արագությամբ ստեղծում էին Փհենյանի ոգին 1970-ական և 1980-ական թվականներին»։
Աշխատանքի ընթացքում Կիմ Չեն Ընը հրահանգել է, որ սպաները հոգ տանեն «զինվոր-շինարարների մասին, ինչպես ծնողներն իրենց երեխաների մասին»։
Թե որքանով են լուսանկարները հավաստի, հայտնի չէ, քանի որ դրանք տարածվում են միայն Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության միջոցով, իսկ լուսանկարներում երևացող շենքերը նկարված տեսք ունեն։











