Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցի հետ համագործակցող լրագրողները հարկային ստուգումների են ենթարկվում
Ադրբեջանական «Meydan TV» համացանցային ռեսուրսի հետ համագործակցող լրագրողները հարկային ստուգումների են ենթարկվում։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին հայտնել են լրագրողներ Այնուր Էլգյունեշն ու Այթեն Ֆարհադովան։
Նախօրեին նրանց կանչել են Բաքվի հարկային բաժանմունք և փաստաթղթր պահանջել։ Նրանց 15-օրյա ժամկետ են տվել 2012-2015 թթ. գործունեության մասին փաստաթղթեր ներկայացնելու համար։
Վարչությունը կարծում է, որ Meydan TV-ն խախտել է դրամաշնորհների վերաբերյալ օրենքը, և ռեսուրսի հետ համագործակցող լրագրողները, ստանալով գումարները, հրաժարվել են հարկերի վճարումից։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր համարվող այս լրատվամիջոցի ներկայացուցիչները պարբերաբար հարցաքննության են կանչվում կամ ձերբակալվում։ Իսկ ադրբեջանական բանտերում գտնվող ակտիվիստների, իրավապաշտպանների կամ լրագրողների մի մասը բանտարկվել է հենց հարկերից խուսափելու մեղադրանքով։










