Պուտինը շտկումներ կմտցնի ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության մեջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ շտկումներ մտցնելու մասին որոշում է ընդունել, տեղեկացնում է ТАСС-ը:
«Ռուսաստանի նախագահը որոշել է շտկումներ անել Ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ ապահովելով պետական քաղաքականության շարունակականությունն ազգային անվտանգության ոլորտում, ինչպես նաև ազգային շահերի ու ազգային ռազմավարական առաջնահերթությունների համակարգը»,-ասված է Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ:
Խորհրդում նաև վստահություն են հայտնել, որ ռազմավարության նոր տարբերակը չպետք է կենտրոնանա արտաքին աշխարհից փակ լինելու վրա և ուղղված պետք է լինի արտաքին ակտիվ քաղաքականությանը։
«Համագործակցության զարգացումն այլ երկրների հետ, արտաքին ներդրումների ու տեխնոլոգիաների ներգրավումը պետք է լրացնեն տնտեսության արդիականացման ջանքերն ու ամրապնդեն Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Անվտանգության խորհրդում ընդգծել են, որ նոր, շտկված ռազմավարությունը կփոխանցվի Պուտինին մինչև ընթացիկ տարվա ավարտը։










