Սլովենիան ԵՄ-ից ոստիկաններ է խնդրել փախստականների հոսքը կարգավորելու համար
Սլովենիան ԵՄ-ից խնդրել է երկիր ոստիկանական ստորաբաժանումներ ուղարկել՝ Խորվաթիայից ներգաղթյալների հոսքը կարգավորելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Սլովենիայի ներքին գործերի նախարար Վեսնա Դյորկյոշ Ժնիդարը, գրում է РИА Новости-ն:
Հունգարիան ուրբաթ օրը գիշերը փակել է Խորվաթիայի հետ սահմանը՝ այդ երկրից ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար: Այդ առնչությամբ կտրուկ աճել է Սլովենիա ժամանող փախստականների թիվը:
«Սլովենիան արդեն ԵՄ անդամ պետություններից ոստիկանական ստորաբաժանումներ է խնդրել»,- հայտարարել է Ժնիդարը տեղի հեռուստաընկերություններից մեկին։
Վերջին օրվա ընթացքում ավելի քան 12,6 հազար ներգաղթյալ է ժամանել Սլովենիա, ինչը նոր ռեկորդ է դարձել երկրի համար: Երկրի իշխանությունները նախկինում հայտարարում էին, որ չեն կարող ընդունել օրական 2500 փախստականից ավելի մարդու։ Ինչպես հայտնել է ոստիկանությունը, անցած շաբաթ օրվանից Սլովենիա է ժամանել ավելի քան 34 000 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սլովենիան պատրաստվում է ծառայության վերցնել որոշ պաշտոնաթող սպաների՝ երկիր ժամանող հազարավոր ներգաղթյալների հոսքը հաղթահարելու համար:
Սլովենիայի խորհրդարանը չորեքշաբթի օրն օրենքի նախագիծ է ընդունել սահմանների հսկողության ժամանակ բանակն օգտագործելու մասին:
Նշվում է, որ միգրացիայի, ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հինգշաբթի օրը կժամանի Սլովենիա՝ միգրացիոն ճգնաժամը քննարկելու համար:










