Պատժի կրումից ազատված Սողոմոն Քոչարյանը գարեջուր է ուզել, որն ասոցացնում է ազատության հետ, բայց չի կարողացել խմել
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում գտնվող ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանը, ով այսօր ծանր հիվանդության պատճառով դատարանի որոշմամբ ազատվեց պատժի կրումից, «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Մեժլումյանից խնդրել է գարեջուր, թեպետ առողջական պատճառներով չի կարողացել այն խմել:
Tert.am-ին այս մասին հայտնած Զարուհի Մեժլումյանը, ով հիվանդանոցում Սողոմոն Քոչարյանի քույրերի հետ միասին սպասում էր այս մասին ՔԿՀ տեղեկանքին, մանրամասնեց. «Գարեջուրն իր համար ասոցացվում է ազատության հետ, որովհետև ինքը իմ հետ հարցազրույցների մեկի ժամանակ պատմել էր, որ Մհեր Ենոքյանի հետ փախուստի ժամանակ (երկու անգամ նա և Մհեր Ենոքյանը փախուստի մեջ են գտնվել) գարեջուր են խմել միասին: Գարեջուրն ազատության հուշն է իր համար»:
Հիշեցնենք, որ իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը, ով տառապում է նաև սրտի իշեմիկ հիվանդությամբ ու չի կարողանում քայլել, նստել, նորմալ սնվել, անընդհատ ցավազրկողների ազդեցության տակ է:
Զարուհի Մեժլումյանը, ով հուզված էր, հավելեց, որ այսօր հակասական զգացմունքներ ունի, քանի որ մի կողմից ծայրաստիճան ուրախ է Սողոմոն Քոչարյանի համար, մյուս կողմից՝ տխուր, որ այդ ազատությունը նրան տրվեց ծանր հիվանդ վիճակում:
«Փաստորեն մարդուն ազատություն են տվել, բայց չի կարողանում այն վայելել»,-մեկնաբանեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանի կինը մահացել էր, իսկ դուստրը մեկ տարի առաջ ինքնասպանություն էր գործել, և երբ մայրը Սողոմոնին տեղեկացրել է դատարանի որոշման մասին, նա ասել էր. «Գոնե մեկ տարի առաջ լիներ, աղջիկս ինքնասպանություն չէր գործի»:
Սա, հիշեցնենք, ցմահ ազատազրկման դատապարտվածի պատժի կրումից ազատման առաջին դեպքն է:
Զարուհի Մեժլումյանը կարծում է, որ դժվարն առաջին դեպքն է, երբ պետք է սառույց կոտրվի և հույս ունի, որ այս վճռին կհետևեն ցմահ ազատազրկվածների վաղաժամկետ ազատման կամ արդարացման հիմքով դատավճիռներ:










