Շվեդիան 2015-2016թթ. կընդունի մինչև 360.000 փախստական
Շվեդիան 140.000-190.000 փախստական (նրանցից 29.000-40.000-ը` դեռահասներ` առանց ծնողների ուղեկցության) կընդունի այս տարի, և 100.000-170.000 մարդ, որոնցից 16.000-33.000-ը՝ դեռահասներ, հաջորդ տարի։ Նման տվյալներ են ներկայացվում երկրի Միգրացիոն վարչության նոր կանխատեսումներում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Փախստականների հետ կապված ներկայիս իրավիճակը նմանը չունի ժամանակակից պատմության մեջ: Քանի որ սահմանային հսկողությունը բացակայում է, անհնար է հետևել՝ որքան մարդ է ապաստան խնդրում»,- նշել է վարչության ղեկավար Անդերս Դանիելսոնը։
Փորձագետների կարծիքով՝ հստակ կանխատեսումներ տալ ներկայիս իրավիճակում չի կարելի։
«Փախստականների հոսքը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև հաջորդ տարի: 2016-ի տվյալներն ամբողջությամբ կախված կլինեն նրանից՝ ինչպես այդ հարցը կլուծի ԵՄ-ն»,- նշել է վարչության վերլուծաբան Մերյամ Մասլոն։










